ԱԱԾ-Ն ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՉՔՆ ՈՒ ԱԿԱՆՋՆ Է
Մարդկության պատմության ընթացքում շատ ազգեր ու պետություններ են վերացել տվյալ ազգի կամ պետության դեմ ուղղված վտանգները չկանխելու պատճառով: Մինչդեռ կայացած պետությունն իր դեմ ուղղված արտաքին վտանգներին դիմագրավելու նպատակով ստեղծել է հետախուզական ծառայություն, որի շնորհիվ կանխել է իր պետականության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն: Նման պետություններն արտաքին և ներքին անվտանգությունը պահպանելու համար այսօր էլ շարունակում են զարգացնել ու հզորացնել այդ համակարգը: Նրանցից մեկը Հայաստանն է, որտեղ անվտանգության ապահովման գործի սկզբնավորումը ձևավորվել է դեռևս հնագույն ժամանակներից: Պետականության զարգացման տարբեր փուլերում մեր երկրի անվտանգության ապահովման խնդիրը եղել է առաջնահերթ: Այդ է վկայում Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի արխիվային հարուստ հավաքածուն, որն էլ ԱԱԾ թանգարանի տնօրեն, ԱԱԾ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, գնդապետ Արմեն Քինակցյանի շնորհիվ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
2006 թ. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նախաձեռնությամբ 80 քառակուսի մետր մակերես ունեցող սրահում ձևավորվեց Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանը, որի նպատակն էր համակարգել ազգային անվտանգության մարմինների պատմության ընթացքում արձանագրված ձեռքբերումների և կարևոր շրջադարձային իրադարձությունների մասին վկայող փաստագրական նյութերը, հիմք ստեղծել դրանց հետագա առավել խոր, գիտական մակարդակով ուսումնասիրման համար:
Թանգարանի ցուցադրությունը սկսվում է Վանի թագավորության ժամանակաշրջանով թվագրված (Քրիստոսի ծննդից առաջ 7-րդ դար) հետախուզական զեկույց ներկայացնող մի սեպագիր արձանագրության կաղապարվածքի ցուցադրությամբ, որի բնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում: Թեյշեբանի կուսակալին ուղղված հետախուզական զեկույցում ասվում է, որ «Վնասազերծվել են լրտեսության մեջ կասկածվող երկու մարդ՝ Խալդիպուրա և ՈՒրադի անուններով: Արքային է ուղարկվել զանազան իրերով բեռը: Ժամանել է 5 մարդ, որոնք ծառայում են ոմն Ցիպային: Ինքը՝ Ցիպան, ուղարկվել է արքայի մոտ, ճշմարտացի ցուցմունքներ է տվել: Տեղեկություններ Ուրադիի և Խալդիպուրայի գործողությունների մասին»: Այնուհետև ներկայացված են հայ պատմիչների (Փ. Բյուզանդ, Մ. Խորենացի, Մխիթար Գոշ, Շահամիր Շահամիրյան) վկայությունները լրտեսների, հետախույզների, անվտանգության ապահովման գործի առանձին կողմերին առնչվող պատմական փաստերի մասին: Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքում» գրում է. «Վայել չէ թագավորի և իշխանի համար գողեր և ավազակներ ունենալ, այլ միայն լրտեսներ, որ հետախույզներ են»: Հին ժամանակներից ի վեր լրտեսի և հետախույզի մասնագիտությունը մեծ պահանջարկ ուներ, քանզի նրանց շնորհիվ խաղաղության կամ պատերազմի ժամանակ տեղեկություններ էին հավաքվում թե՛ երկրի ներսում, թե՛ հարևան երկրներում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների ժամանակներում և Կիլիկյան Հայաստանում անվտանգության հարցերով զբաղվել են ինչպես ամբողջական պետական մարմիններ՝ նախարարություններ, գործակալություններ, այնպես էլ առանձին պաշտոնյաներ: Այս ամենի մասին վկայում է տվյալ ժամանակաշրջանը ներկայացնող թանգարանային ցուցանմուշների հարուստ հավաքածուն:
Պակաս հետաքրքիր չեն նաև Հայաստանի երեք հանրապետությունների` 1918-1920, 1920-1991 և 1991-ից մեր օրերը անվտանգության համակարգի գործունեությունը ներկայացնող ցուցանմուշները:
«1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմինները» թեմայով ցուցափեղկում ներկայացված նյութերը վկայում են, թե ռազմաքաղաքական և տնտեսական ինչպիսի ծանրագույն իրավիճակում են ընթացել հետախուզության և հակահետախուզության կազմավորումն ու կայացումը:
Խորհրդային շրջանը (1920-1991 թթ.) ժամանակահատվածի առումով ամենամեծն է: Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինները ստեղծվեցին ՀԽՍՀ Հեղկոմի՝ 1920 թ. դեկտեմբերի 6-ի դեկրետով՝ «...հանրապետութեան սահմաններում հակայեղափոխութեան, շահադէտութեան (սպեկուլիացիայի) և ի պաշտօնէ յանցագործութեան դէմ մաքառելու համար»:
Թանգարանի ցուցադրության այս հատվածում ներկայացված են Խորհրդային Հայաստանի պետական անվտանգության մարմինների՝ Արտակարգ հանձնաժողովի` ԱՀ-ից (1920-1926) մինչև Պետական անվտանգության կոմիտեի` ՊԱԿ (1954-1991) գործունեության ժամանակաշրջանի արխիվային փաստաթղթեր, ցուցադրված են օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում բռնագրավված զենք-զինամթերքի, լրտեսներից առգրավված ծածկաբանալի-բլոկնոտների նմուշներ և այլ իրեր:
«Հետախուզության և հակահետախուզության ժամանակակից պատմությունից» թեմայով ցուցափեղկերում ներկայացված է Հայաստանի նորանկախ հանրապետության անվտանգության մարմինների վերակազմավորման և կայացման գործընթացը: Ցուցադրված նյութերի վկայությամբ՝ 1920-ական թվականներին Ռուսաստանի արտաքին հետախուզության առաջին ղեկավարը եղել է ազգությամբ հայ Հակոբ Դավթյանը, որը 1920 թվականից աշխատել է ԱԳԺԿ մարմիններում: Ֆ. Ձերժինսկու խնդրանքով աշխատանքի է անցել ԱՀ-ում: Նույն պաշտոնում նրան փոխարինել է Պավել Քաթանյանը: Անվանի հետախույզների ցանկը լրացնում են Իվան Աղայանցը, Հայկ Հովակիմյանը, Աշոտ Հակոբյանը և շատերը։
ՈՒշագրավ են արցախյան պատերազմում ազգային անվտանգության աշխատակիցների մասնակցության մասին նյութերը: Բազմաթիվ ցուցանմուշներ պատմում ու վկայում են երկրի ներսում և դրսում թշնամաբար տրամադրված հատուկ ծառայությունների գործակալների հետախուզական-քայքայիչ գործողությունների կանխարգելման, բացահայտման և խափանման ուղղությամբ գրանցված անվտանգության աշխատակիցների փայլուն հաջողությունների մասին:
Թանգարանի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու նաև սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման, սահմանապահ զորքերի պատմության, միջազգային համագործակցության, ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի գործունեության վերաբերյալ նյութերին, ինչպես նաև հատուկ ծառայությունների կողմից տարբեր ժամանակաշրջաններում կիրառված տեսագրող, նկարահանող, ձայնագրող, հեռագրական սարքավորումներ, անգամ ափսե, որը լսող սարքի դեր է կատարել: Թանգարանում տեղ են գտել նաև միջազգային համագործակցության շրջանակներում ստացված հուշանվերներ:
Թանգարանի ցուցանմուշների շարքում ուշադրության արժանի, սակայն առաջին հայացքից սովորական թվացող մի քար կա: Արմեն Քինակցյանի փոխանցմամբ՝ այդ քարը, որն իրականում հզոր տեխնիկական հաղորդիչ է (կոնտեյներ), հայտնաբերվել է Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի վրա և նախատեսված է եղել ավտոտրանսպորտի շարժը և ռադիացիոն ֆոնը չափելու համար: Սարքը նախատեսված է եղել երկարաժամկետ կիրառման համար, աշխատել է տնտեսող ռեժիմով, տատանումներից սկսել է աշխատել և հաղորդել տեղեկատվություն: Սարքը գնահատվել է մի քանի հարյուրհազար դոլար:
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԵՏԱԽՈՒՅԶ
ԱԱԾ թանգարանում կա ինձ հոգեհարազատ անկյուն, որտեղ ցուցադրված անձնական մի քանի իրեր մասունքի նման ձգում են դեպի իրենց, իրեր, որոնք պատկանում են հետախույզներ, Խորհրդային Միության հերոսներ Գևորգ (օպերատիվ կեղծանունը՝ Անրի) և Գոհար (օպերատիվ կեղծանունը՝ Անիտա) Վարդանյան ամուսիններին: Այդ մասունքները կարելի է ժամերով դիտել, միաժամանակ մտաբերելով լեգենդար հետախույզ ամուսինների մասին հայտնի լրագրող Գուրգեն Խաժակյանի գրքերից հատվածներ, Հայաստան կատարած այցերի ընթացքում հատկապես երիտասարդների հետ ունեցած կենդանի հանդիպումներից դրվագներ: Մի առիթով արվեստագետներից մեկն ինձ ասաց, որ մարդկությունը պետք է զարգանար ոչ թե քրիստոնեությամբ, այլ «Նարեկ»-ով, ես կավելացնեմ՝ ներկա և հետագա հայ երիտասարդությունը պետք է դաստիարակվի Գևորգ և Գոհար Վարդանյանների օրինակով: «Աշխատե՛ք, սովորե՛ք և պիտանի մա՛րդ եղեք հայրենիքի համար, քանի որ առանց հայրենիքի դուք ոչինչ եք»,-ուսանողների հետ հանդիպմանը հորդորել էր Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը:
Մենք լեգենդար ամուսինների ժամանակակիցներն էինք, սակայն ոչինչ չգիտեինք նրանց մասին, եթե չլինեին նրանց փառահեղ անցյալն ու հետագա համեստ կենցաղի մասին պատմող գրքերը, հեռուստահաղորդումներն ու վավերագրական ֆիլմերը:
Թանգարանի «Հետախուզություն և հակահետախուզություն» բաժնում կա Գևորգ և Գոհար Վարդանյաններին նվիրված ցուցափեղկ, որտեղ ցուցադրված են 2006-2007 թվականներին թանգարանի բացման առթիվ նրանց նվիրած անձնական իրերից մի քանիսը՝ գաղտնագիր կարդալու համար նախատեսված հատուկ ակնոց, հետախուզական տեղեկություն հաղորդելու համար նախատեսված ծառի ճյուղի նմանվող սարք, որի մեջ տեղադրվում էր ժապավենը կամ գրությունը, դրամապանակ, հաղորդիչ, Գևորգ Վարդանյանին հոր նվիրած համրիչ (թզբեհ): Հետախույզ ամուսինների մահից հետո նրանց իրերից թանգարանը դեռևս նոր ցուցանմուշներ ձեռք չի բերել:
ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԿԱՆԻՇԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է
Հետախույզի աշխատանքը պահանջում է ստեղծագործական մոտեցում, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում «մանրուքներից» և բոլորին հայտնի տվյալներից անել պետությունների համար երբեմն ճակատագրական նշանակություն ունեցող հետևություն: Այդ իսկ պատճառով հետախույզից պահանջվում է ոչ միայն մտավոր ֆիզիկական ու հոգեբանական գերազանց պատրաստվածություն, այլև նպատակասլացություն, տոկունություն, աշխատասիրություն և այլն: Սակայն այս ամենից վեր, Գևորգ Վարդանյանի խոսքով, հետախույզի ամենագլխավոր հատկանիշը հայրենասիրությունն է, այլապես Գևորգ Վարդանյանն իր կյանքի մեծ մասը և 46-ամյա անլեգալ գործունեությունը չէր նվիրաբերի հայրենիքին՝ մշտապես գտնվելով մահաբեր աքցանում։ «19-ամյա Գևորգ Վարդանյանը իր հասակակիցների հետ, որոնց թվում էր նաև իր ապագա կինը՝ այն ժամանակ 17-ամյա Գոհարը, ձախողեց ու ի չիք դարձրեց ֆաշիստական Գերմանիայի դավադրությունը՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների ֆիզիկական ոչնչացումը 1943 թ. Թեհրանի կոնֆերանսի ժամանակ…»: Անցնում են տասնամյակներ, և ահա 2007-ին Գևորգ Վարդանյանը հանդիպում է Մոսկվա ժամանած ՈՒինստոն Չերչիլի թոռնուհուն՝ Սիլիա Սանդիսին, որը եկել էր իր լեգենդար պապի մասին նկարահանվող ֆիլմի համար նյութեր հավաքելու: Իսկ հրաժեշտից առաջ ամբողջ Մոսկվայով մեկ «Դվին» կոնյակ էր փնտրում տիկին Սանդիսին նվիրելու համար, որպեսզի շարունակվի այն հին ավանդույթը, ըստ որի, Ստալինը Չերչիլին էր ուղարկում վերջինիս այնքան դուր եկած հայկական կոնյակի այդ տեսակը:
Հզոր մարդկանց գործունեության ողջ նկարագիրը մի փոքր հոդվածում հնարավոր չէ ներկայացնել, դրա համար հատորներն անգամ քիչ են: Միայն նշեմ, որ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը մահացավ 2012 թ. հունվարի 10-ին, իսկ նրա կինը՝ Գոհար Վարդանյանը՝ 2019 թ. նոյեմբերի 25-ին:
Դեկտեմբերի 20-ին՝ ազգային անվտանգության աշխատողների մասնագիտական տոնին անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ «նվիրումի համար Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Պատվո շքանշանով»:
Գևորգ և Գոհար Վարդանյաններն իրենց խելքի, հմտության ու համարձակության հետ զուգորդված համեստությամբ թերևս կարող էին ասել. «Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, ավելի լավը թող անեն նրանք, ովքեր կարող են»:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հ. Գ. Շնորհակալություն ԱԱԾ թանգարանի տնօրեն Արմեն Քինակցյանին թանգարանի ցուցադրությանը ծանոթացնելու համար, ինչպես նաև «Հերոս անլեգալ (ծպտյալ) հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյաններ. «Հպումը լեգենդին շարունակվում է» գրքի հեղինակ Գուրգեն Խաժակյանին՝ գրքից օգտվելու համար: